Համագործակցություն

Ծրագրի մասնակիցները

Պետական կառավարման մարմինը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովը`
- հաստատում է «Դպրոցական կաթ» պիլոտային ծրագիրը,
- կոորդինացնում է ծրագրի իրականացումը մարզերում:

Ինքնակառավարման մարմինները

Արագածոտնի մարզպետարանը և Թալինի քաղաքապետարանը ստեղծում են հանձնաժողով ինքնակառավարման մարմինների, սանիտարա-հիգիենիկ ծառայության, սննդամթերքի անվտանգության հսկողության պետական ծառայության, դպրոցների տնօրենների, ծնողական կոմիտեների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը`
- տեղերում կոորդինացնում է «Դպրոցական կաթ» ծրագիրը, - օպերատիվ լուծում է ծրագրի ապահովման ժամանակ առաջացած բոլոր խնդիրները,
- իրականացնում է ծրագրի շրջանակներում դպրոցականների առողջական վիճակի մոնիթորինգ,
- կազմակերպում է դպրոցական սննդի համար օգտագործվող պարենային ապրանքների անվտանգության և որակի ընտրանքային ստուգում հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում,
- կազմակերպում է դպրոցների ճաշարանների և խոհանոցների սանիտարա-հիգիենիկ վիճակի պարբերական ստուգում,
- մարզպետարանը ֆինանսավորում է պիլոտային ծրագրում ընդգրկված թվով երեք դպրոցներում կաթի տաքացման համար անհրաժեշտ ջեռոցների կամ կաթսաների ձեռքբերումը,
- Թալինի քաղաքապետարանը աջակցում է այդ դպրոցներում ճաշարանների և խոհանոցների կոմունալ ծախսերի վճարմանը:

Միջազգային կազմակերպություններ

Միացյալ Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի Երևանյան գրասենյակը`
- վերահսկում է «Դպրոցական կաթ» ծրագրի իրականացումը,
- ֆինանսավորում է «Դպրոցական կաթ» ծրագրի շրջանակում բուլկիների թխման համար անհրաժեշտ ալյուրի ձեռքբերումը:

Ռուսաստանի Դաշնության կազմակերպություններ

Հայաստանում Ռուսաստանի «Ռոսսատրուդնիչեստվո» գործակալությունը և Ռուսաստանի «Ճյուղային սննդի ինստիտուտը»`
- իրականացնում են ծրագրի գիտական հիմքերի և տեխնոլոգիաների մշակումը,
- իրականացնում են մեթոդական և կազմակերպչական օգնություն ծրագրի մշակման և անցկացման հարցում:
- Ռուսաստանի Դաշնության Մորդովիայի ինքնավար հանրապետության ազգային կետերինգային ընկերության ֆինանսավորմամբ կազմակերպում են ծրագրի շրջանակներում կաթի ձեռքբերումը:

Արտադրողներ և մատակարարներ

«Դպրոցական կաթ» ծրագրի համար կաթ արտադրողը և մատակարարը հանդիսանում է «Բոնիլատ» ՍՊԸ, որը տեղակայված է Թալին քաղաքում:
«Բոնիլատ» ՍՊԸ հիմնադրվել է 2003թ-ին Թալին քաղաքում: Հիմնադիրը և ընկերության նախագահը Գարիկ Սարուխանյանն է:
«Բոնիլատ» ՍՊԸ կաթի ընդունման և վերամշակման ժամանակակից ընկերություն է, որն իր արտասահմանյան սարքավորումներով օրական վերամշակում է մինչև հինգ տոննա կաթ:
Ընկերությունը գնում է միայն բարձորակ կաթ, որը ստացվում է Արագածի և Ապարանի բարձրադիր լեռներից:
Բացառելով չոր կաթի օգտագործումը, ընկերությունը արտադրում է ավելի քան 20 տեսակի կաթնամթերք` այդ թվում կաթ (2,5 և 3,5 % յուղ.), կարագ, պանիր, թթվասեր, կաթնաշոռ, կեֆիր, թան, մածուն և այլն:

«Բոնիլատ» ՍՊԸ

– ծրագրի համար արտադրում է կաթ կակաոյով` 2,5 % յուղայնության և իր տրանսպորտային միջոցներով ժամանակին մատակարարում է նշված դպրոցներին,
- դպրոցներին ապահովում է որակյալ արտադրանքով և դրանց անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատներով,
- իրականացնում է իր տրանսպորտային միջոցներով պատրաստի արտադրանքի ժամանակին մատակարարումը արտադրությունից մինչև դպրոց:
- դպրոցներին ապահովում է կաթի պահման համար անհրաժեշտ սառնարաններով:

Հացաթխման ընկերություն

- իրականացնում է յուրաքանչյուր աշակերտի համար օրական 2 հատ` ընդհանուր քաշով 150 գրամ բուլկիների թխում և պոլիէթիլենային փաթեթվածքով մատակարարում,
- դպրոցներին ապահովում է որակյալ արտադրանքով և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով,
- իր ավտոտրանսպորտային միջոցներով ապահովում է պատրաստի արտադրանքի ժամանակին մատակարարումը դպրոցներին:

Դպրոցներ

- արտադրողների հետ կնքում են պայմանագրեր որակյալ արտադրանքը ժամանակին դպրոցներ մատակարարելու համար,
- ապահովում են արտադրողներից պատրաստի արտադրանքի ընդունումը և սահմանված կարգով պահումը դպրոցի տարածքում,
- կազմակերպում են ստացված ապրանքի հաշվառումը և նպատակային օգտագործումը,
- ապահովում են դպրոցականներին սննդամթերքի ժամանակին բաժանումը,
- ապահովում են իրենց հաշվարկային հաշիվներում կաթի վճարման համար մուտքագրված գումարների ժամանակին փոխանցումը արտադրողին` փաստացի մատակարարված կաթի համար:
- ծնողական կոմիտեների անմիջական մասնակցությամբ, կազմակերպում են միանգամյա օգտագործման բաժակների գնման և բուլկիների թխման համար անհրաժեշտ դրամական միջոցների հավաքումը և նպատակային օգտագործումը,
- ապահովում են դպրոցների խոհանոցների և ճաշարանների սանիտարա-հիգիենիկ պայմանները, սահմանված պահանջներին համապատասխան,
- նշված միջոցառումները իրականացնում են հրապարակային և թափանիկ, ծնողների անմիջական մասնակցությամբ և համաձայնությամբ:

Աշակերտների ծնողները

- ակտիվորեն մասնակցում են ծրագրի կազմակերպմանը,
- ծնողական կոմիտեների միջոցով կազմակերպում են բուլկիների թխման և միանգամյա օգտագործման բաժակների գնման համար անհրաժեշտ գումարների ժամանակին հավաքում,
- իրականացնում են ամենօրյա հսկողություն սննդի կազմակերպման որակի նկատմամբ:

Դպրոցականները

- հանդիսանում են կաթի և բուլկիների սպառողը և հետևաբար ծրագրի ամենագլխավոր մասնակիցը` կամավորության սկզբունքով:

Պատրաստի արտադրանքի անվտանգությունը և որակը

Կաթի անվտանգությունը և որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի դեկտեմբերի 21-ի N 1925-ն որոշմամբ հաստատված «Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրմանը ներկայացվող պահանջների» տեխնիկական կանոնակարգին:
Բուլկիների անվտանգությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010թ-ի մարտի 10-ի N 06-ն հրամանով հաստատված «Պարենային հումքի և սննդային արժեքների անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» № 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմերին:
Բուլկիների որակը պետք է համապատասխանի հետևյալ ազգային ստանդարտների պահանջներին`
ՀՍՏ 44-2007 «Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»,
ՀՍՏ 33-94 «Հաց և հացաբուլկեղեն. Ընդունման կանոններ, նմուշների ընտրման, քաշի և օրգանոլեպտիկ ցուցանիշների որոշման մեթոդներ»,
ՀՍՏ 34-94 «Հաց և հացաբուլկեղեն. Թթվայնության որոշման մեթոդներ»,
ՀՍՏ 35-94 «Հաց և հացաբուլկեղեն. Կերակրի աղի ծավալային չափաբաժնի որոշման մեթոդներ»,
ՀՍՏ 37-94 «Հաց և հացաբուլկեղեն. Խոնավության որոշման մեթոդներ»
Պլաստմասսայե բաժակների և պոլիէթիլենային փաթեթվածքների անվտանգությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ-ի մայիսի 25-ի N 679-ն որոշմամբ հաստատված «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Շրջակա միջավայրի պահպանություն

Շրջակա միջավայրի պահպանության համար դպրոցները պետք է ապահովեն սննդի համար օգտագործված պլասմասսայե բաժակների և պոլիէթիլային փաթեթվածքների լրիվ հավաքումը և աղբահանումը սահմանված կարգով:

Սպասվող արդյունքները

- դպրոցներում տարրական դասարանների աշակերտների առողջության ընդհանուր վիճակի ամրապնդում,
- հիվանդության պատճառով դպրոցականների բացակայությունների նվազում,
- դպրոցականների ուսման առաջադիմության բարձրացում,
- դպրոցում և տանը երեխաների վարքագծի փոփոխություն` սննդի ռեժիմի և հիգիենայի կանոնների պահպանում, օգտակար սննդամթերքի ընտրություն,
- կաթնամթերքի և հացաթխման արտադրության ճյուղերում փոքր և միջին բիզնեսի զարգացում,
- հանրապետությունում մեկ շնչին ընկնող կաթի սպառման ծավալների ավելացում,
- նոր աշխատատեղերի բացում և սոցիալական հարցերի բարելավում: